Հետխորհրդային միջավայրի երկրներում լինում են դեպքեր, երբ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց եւ ընդհանուր հարթության վրա են գտնվում, հատկապես ղարաբաղյան խնդրի դեպքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, սակայն, առանձին դեպքեր գոյություն ունեն, երբ այդ սկզբունքները հակասում են միմյանց: «Մենք համարում ենք, որ ղարաբաղյան հարցում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության հարցը հնարավոր է դիտարկել ընդհանուր հարթությունում: Եթե լսենք ադրբեջանական կողմին, որն անընդհատ կրկնում է տարածքային ամբողջականության մասին, կարող ենք ասել, ինքնիրեն հակասում է: Այդ դեպքում ինչո՞ւ չեն համաձայնում հանրաքվե անցկացնել, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի իր ճակատագիրը»,- հարց է առաջադրում Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ երկու սկզբունքների անհակասելիության մասին նշվում է նաեւ Մադրիդյան սկզբունքներում:

Հիշեցնենք, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ արձագանք կունենա Շոտլանդիայի հանրաքվեն՝ որպես եվրոպական մայրցամաքում եւ հետխորհրդային միջավայրում ազգերի ինքնորոշման իրականացման բարձրագույն ձեւ, նշել է. «Բարդ է ընդհանրացնող դասեր քաղել Շոտլանդիայի հանրաքվեից, քանի որ առանձին դեպքերում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության սկզբունքները որոշակի չափով հակասում են միմյանց: