Անբողոքարկելի վարչական ակտերի վերաբերյալ համապատասխան մարմիններից ծանուցում ստանալով՝ ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր է վարույթ հարուցել եւ արգելանք կիրառել՝ առանց ակտի արդարացի կամ հիմնավոր լինել հետաքննելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների եւ կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ դա վերաբերում է նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար չվճարված տուգանքների բռնագանձման ակտերին։
«Եթե վարչական տուգանքն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն, նշանակում է՝ պարտքը չի վճարվել, կամ ուշ է վճարվել: Մենք օնլայն ռեժիմով ենք աշխատում, օնլյան ստանում ենք այդ վարչական իրավախախտումները, օնլայն ռեժիմով էլ արգելանքներ ենք կիրառում հաշիվների վրա: Հարկադիր կատարողը չի կարող տուգանքը կիրառել կամ չկիրառել, եթե արդեն տուգանքը եկել է, նշանակում է՝ այդպիսի վարույթ պետք է հարուցել»,- պարզաբանեց Միհրան Պողոսյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ ԴԱՀԿ ծառայությունն այսօր ամսական 120 հազար վարույթ է հարուցում եւ չի կարող ստուգել, թե դրանցից որն է ճիշտ։
«Մենք միայն ուսումնասիրում ենք՝ արդյոք ակտը բովանադակային եւ ձեւական առումով համապատասխան է օրենքի պահանջներին, ապա հարկադիր ծառայությունը կատարում է իր գործառույթները: Ես 120 0000-ի միջից չեմ կարող տեսնել՝ որն է ճիշտ, ես պարտավոր եմ իրականացնել իմ գործառույթները»,- նշեց Միհրան Պողոսյանը, եւ հիշեցրեց որ ԴԱՀԿ են հասնում այն տուգանքները, որոնք դարձել են անբողոքարկելի, այսինքն՝ երբ քաղաքացին սահմանված ժամկետում չի բողոքարկել:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները նկատեցին, որ քաղաքացիները հաճախ տուգանքները վճարում են, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ վճարումները չեն գրանցվել, տուգանքները եռապատկվում, հնգապատկվում են, ինչի մասին քաղաքացիները տեղեկանում են, երբ արդեն կալանքի տակ են դրվում նրանց հաշիվները եւ ակտերը դառնում են անբողոքարկելի։ Միհրան Պողոսյանն այդ դեպքերում խորհուրդ տվեց դատարան դիմել. «Սա խնդիր է, որի հասցեատերը ԴԱՀԿ-ն չէ, այլ նա, ով սխալ ինֆորմացիա է ուղարկում: Ես միայն կարող են խորհուրդ տալ, որ դատարան դիմեք: Թող դատարանը պարզի՝ ով է մեղավոր»։
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, դահլիճից դուրս եկան:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը քննարկումից հետո հայտարարեց, որ այս հանդիպումն էլ հաստատեց իրենց այն տեսակետը, որ ստեղծված իրավիճակում մեղավոր է Ազգային ժողովը:
«Նոր օրենք ընդունվեց, դատարանը այս շրջապտույտի մեջ հանվեց, քաղաքացին պաշտպանվելու իրավունք չունի այժմ, վարչական ակտերը միանագամից ուղարկվում են ԴԱՀԿ: Խնդիրն այն է, որ մարդիկ տուգանքերը վճարում են, բայց մինչեւ իրենց հաշիվների սառեցումը չեն իմանում, որ խնդիր ունեն»,- հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամը:
Նշենք, որ այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները ավտոերթով գնացել էին ԴԱՀԿ շենքի մոտ՝ ներկայացնելու իրենց դիմած վարորդներից մի քանիսի բողոքները։ Շենքի մուտքի մոտ նրանց մոտեցել էր Միհրան Պողոսյանը, լեզվակռիվ էր սկսվել նախաձեռնության անդամների եւ Միհրան Պողոսյանի միջեւ, ինչից հետո վերջինը լրագրողներին եւ բոլոր քաղաքացիներին հրավիրել էր դահլիճ՝ պատասխանելու իրենց հուզով հարցերին:
Նախաձեռնության անդամների հետ դահլիճ էին մտել նաեւ քանի կանայք, որոնք դրսում փորձում էին կռվել ակցիային մասնակիցների հետ, իսկ դահլիճում մեկը մյուսին հերթ չտալով գովաբանում էին Միհրան Պողոսյանին՝ ասելով, թե որքան է իրենց օգնել:
NEWS.am-ի հետ զրույցում կանայք վստահեցրին, որ Արդարադատության նախարարություն են գնացել իրենց խնդիրներով եւ պատահաբար են նկատել բողոքողներին: Միհրան Պողոսյանին գովաբանելուց եւ հարցուպատասխանից հետո նրանք մնացին շենքում, ջերմ շփվեցին նախարարության աշխատակիցների հետ, ապա գնացին նրանց հետ սուրճ խմելու:




























