Հրազդանի նախկին քաղաքապետի տեղակալ Գագիկ Հարությունյանը ականատես է եղել, թե ինչպես է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցը ոչ իշխանական եռյակի մարզային իրազեկման հանրահավաքին ստուգում՝ իրենց աշխատակիցները մասնակցում են հանրահավաքին, թե ոչ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, հանրահավաքից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:

«Ես կանգնած եմ, քաղաքապետարանի աշխատակիցը կանգնած հաշվում է, որ գնա զեկուցի, ասի՝ գիտե՞ք ինչ, պարոն էսինչյան, մեր աշխատակիցը գնացել էր, բերեք, սրանք պատժենք, որ մյուսներին դաս լինի։ Սա դասական օրինակ է, եւ արդեն քսան տարի կրկնվում է տարբեր մեխանիզմներով, տարբեր ձեւերով»,-ասաց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ հրազդանցիներին եւ գյուղերում եւ քաղաքում վախեցրել են, որպեսզի չմասնակցեն հավաքին։

«Ամեն ընտանիքից մի աշխատող  կա, դրանց էլ վախեցնում են՝ ասելով, որ աշխատանքից դուրս կգաս, եթե քո հարազատները, բարեկամները հավաքվեն հրապարակում»,- ասաց նախկին պաշտոնյան։