Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը չի բացառում, որ հոկտեմբերի 4-ին կմասնակցի ոչ իշխանական եռյակի իրազեկման հանրահավաքին Իջեւանում:
«Նախապես ոչինչ ասել չեմ կարող, սպասենք՝ միջոցառումը կազմակերպեն, արդյունքների մասին հրապարակավ կասենք, ոչ մի բան չենք թաքցնելու: Շատ մարդ կգա, քիչ մարդ կգա, ոչ մի բան չեմ կարող կանխատեսել: Հնարավոր է՝ ինքս էլ մասնակցեմ հանրահավաքին, գնամ, տեսնեմ, թե ինչ է կատարվում: Մարզային միջոցառում չէ՞»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը՝ ընդգծելով, որ ոչ մի մտահոգություն էլ չունի հավաքի հետ կապված:
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ին դուր կգա մարզպետի մասնակցությունը ընդդիմադիր ուժերի հանրահավաքին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նախապես ոչինչ ասել չի կարող:
Նշենք, որ Աժ 3 ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իրազեկման հանրահավաքներ է անցկացնում Հայաստանի 8 քաղաքներում: Տավուշի մարզում հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին Իջեւանում՝ Շատրվաններին կից հրապարակում:




























