Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը՝ «Բուռնաշը», համոզված է, որ իր աշխատակիցները չեն մասնակցի ԱԺ ոչ իշխանական եռյակի կազմակերպած եւ ոչ մի հանրահավաքի:

«Եթե իմ աշխատողն է, ինքը երբեք ընդդիմության հանրահավաքի չի մասնակցի, որովհետեւ նրանց մեծ մասը իմ համակիրներն են եւ ավելի լուրջ, կազմակերպված մարդիկ են: Իմ աշխատողները պատրաստվում են, որ պատերազմ լինի, գնան, մասնակցեն, ոչ թե եռյակի հավաքին»,- NEWS.am-ի հետ զրույցում վստահ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերվում է «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներին, ապա Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ այդ մարդիկ իր աշխատողները չեն եւ կարող են անել այն, ինչ ուզում են. «Նրանց մեծ ընդդիմադիր մարդիկ կան, բացի դրանից՝ նրանք անհատ մարդիկ են, ում մենք տարածքը արենդայով ենք տալիս, իրենց եկամուտ են ունենում եւ դրանից մեզ վարձավճար տալիս: Էնպես որ իրանց գործն է՝ կմասնակցեն հանրահավաքին, թե ոչ»:

Նշենք, որ Ազգային ժողովի 3 ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համապետական հանրահավաքը նախատեսվում է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: Մինչ այդ, ուժերը իրազեկման մարզային հանրահավաքներ կանցկացնեն հանրապետության 8 քաղաքներում: