Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն իր տոնավաճառում աշխատող առեւտրականներին բացատրել է, թե «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքն» ինչքան լավ լավն է, բայց թե ով ինչ է հասկացել այդ բացատրական աշխատանքներից, ինքը տեղյակ չէ:
«Օրենքում անհամապատասխան վիճակներ էլ եթե կան, մենք Ազգային ժողովում փորձում ենք հարթել: Բացի դրանից՝ առեւտրականներին բացատրել ենք, որ շրջանառության հարկը դարձել է 1%, ինչի դիմաց իրենք պետք է փաստաթղթեր ներկայացնեն: Հիմա մենք այդ հարցով ենք զբաղվում, բանակցում ենք Մաքսայինի հետ, որ հենց սահմանին այդ փաստաթղթերը հանձնեն: Այնպես որ բացատրական միջոցառումներ պետք է անցկացնել: Բայց թե ով ինչ է հասկացել մեր հանդիպումներից, չեմ կարող ասել, որովհետեւ մեջները ընդդիմադիր մարդիկ կան, իսկ այս ցույցերն էլ եռյակի խաղերն են»,- NEWS.am-ի հետ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին, թե ինչպես է գնահատում Երևանի «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի՝ տոնավաճառի աշխատակիցների սեղանները կոտրելը, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ես ոչ մի կերպ էլ չեմ գնահատում, որովհետեւ եթե առեւտրականները սեղան ջարդելով պիտի չգնան, բոլորը կջարդեն, պետք է բացատրական աշխատանքներ տանել»:
Նշենք, որ նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականները սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան հավաքվելու են Ազգային ժողովի շենքի առջեւ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։




























