Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորների մրցույթ անցկացնելը ձեւական բնույթ է կրում, քանի որ ի սկզբանե պարզ է, թե ով է անցնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ նախկինում Հայաստանի կողմից երկու անգամ է նշանակվել ՄԻԵԴ դատավորը, առաջին անգամ նշանակվել է Ալվինա Գյուլումյանը, ում ժամկետն այնուհետեւ երկարացվել է: «Որեւէ նման մրցույթ չի եղել, ի սկզբանե բոլորին հայտնի է եղել իր անունը, որ հենց ինքն է անցնելու, քանի որ տիրապետել է թե անգլերենի, թե ֆրանսերենի»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Այս անգամ ՄԻԵԴ դատավորների մրցույթին ներկայացված անձանց մեծ մասին փաստաբանը ճանաչում է: Եւ նայելով նրանց ցանկը՝ արդեն գիտի, թե ով է ընտրվելու, պարզապես չի ցանկանում հրապարակել անունը:
«Հայաստանում ընտրելու են 3 թեկնածուի, որոնցից մեկը կլինի դատավոր, մեկը՝ դասախոս, մեկն էլ կողմնակալ անձ, երկուսը չեն տիրապետի ֆրանսերենի, մեկը կտիրապետի եւ հենց նա էլ կընտրվի: Այսինքն՝ Հայաստանը կներկայացնի այնպիսի չափանիշներով թեկնածուների, որոնց արդյունքում ՄԻԵԴ-ում կընտրեն մեր երկրի համար ցանկալի թեկնածուին: Անգլերենից բացի ՄԻԵԴ-ում պաշտոնական լեզու է նաեւ ֆրանսերենը, հետեւաբար կընտրվի այն թեկնածուն, ով տիրապետում է նաեւ ֆրանսերենի: Իսկ այդպիսի անձնավորությունը իմ իմանալով մեկն է»,-ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ մրցույթին դիմել են այնպիսի անձինք, որոնք վստահ են. որ երբեք չեն ընտրվի, պարզապես դիմել են դիմելու համար, որպեսզի քանակ ապահովեն: Նիկոլայ Բաղդասարյանը ցանկից առանձնացրեց փաստաբան Վահե Գրիգորյանին, ում համարում է լավ մասնագետ, բայց իր ընդդիմադիր հայացքների պատճառով, ցավոք, քիչ հավանական ընտրվելու համար: Նրա կարծիքով՝ ներկայացված անձնաց 90 տոկոսոը, լավ մասնագետներ են, ովքեր բավարարում են չափանիշներին, բայց հիմնական խնդիրը հենց ֆրանսերեն տիրապետելու մեջ է: Այն անձը, ով պետք է ընտրվի եւ ում անունը Նիկոլայ Բաղդասարյանը չի հրապարակում, իր համար եւս ընդունելի թեկնածու է, ավելին՝ փաստաբանը նշեց, որ եթե ինքը ՀՀ նախագահ լիներ, նրան կընտրեր:
Նշենք, որ մրցույթին դիմել են հետեւյալ անձինք.
1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,
2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս
4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս
5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ
7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,
8. Դավիթ Լեւոնի Հակոբյան - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու
9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան - Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
10. Վահե Միշայի Գրիգորյան - փաստաբան,
11. Արմեն Շուրայի Հարությունյան - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,
12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
13. Նորա Արայիկի Կարապետյան - Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան - Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:




























