Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնին արժեցել է 47մլն դոլար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը
Նա ուշադրություն հրավիրեց մամուլի այն հրապարակումների վրա, որ մի քանի ամիս առաջ Սուրեն Խաչատրյանը իր անբիծ, քրտնաջան աշխատանքով եւ աշխատավարձով ձեռք բերված հանքերից մեկը վաճառել է 47 մլն դոլարով: «Ոչ պաշտոնական բայց հավաստի տվյալներով՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը արժեցավ նույն գումարը՝ 47մլն դոլար, կամ կանխիկացրել էր եւ գումարով էր տվել, կամ ուղղակի հանքն էր հանձնվել: Ըստ երեւույթին՝ մարդիկ, ովքեր իր հետ պայմանավորվել էին այդ դարակազմիկ գործարքի վերաբերյալ, գերադասեցին գումարը, այսինքն Սյունիքը կարելի է առնել 47մլն դրամով: Ես հիմա նստած փորձում եմ հաշվարկել՝ ինչ արժե Հայաստանը, փաստորեն ոչ ավել քան կես մլրդ դոլար, դա իսպանական, իտալական որոշ ֆուտբոլային ակումբների տարեկան բյուջեի մոտ 1/3-ն է, մենք նախկինում ունեինք ֆուտբոլային դիվանագիտություն, հիմա ունենք ֆուտբոլային քաղաքականություն եւ ֆուտբոլային տնտեսություն, բոլորս պետք է մեր տեղը այդ դաշտում գնահատենք նորովի»,-ասաց նա:
Տիգրան Խզմալյանը շեշտեց, որ եվրոպական ֆուտբոլային թիմերն արժեն ավելի, քան ՀՀ-ն: Իսկ Սուրիկ Խաչատրյանին աղուհացով դիմավորած սյունեցիները, կինոռեժիսորի խոսքով, եթե իմանան, որ իրենց հայրենիքը եւ մեր նախկին հպարտություն հանդիսացող Լեռնահայաստանը արժե էդքան էժան, երեւի իրենք գիշերը քնելուց կմտածեն, թե մեր երեխաները ինչ կասեն մեր մասին ապագայում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ սպանվել էր գնդապետ Ավետիք Բուդաղյանը: Մինչ օրս Սուրիկ Խաչատրյանի որդին, որը մասնակից է եղել այդ միջադեպին, գտնվում է Հայաստանից դուրս, թեեւ դատարանը նրան ընդամենը որպես վկա է ճանաչել:
Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:




























