Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանն այսօր Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց մի խումբ առեւտրականների, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել Պաշտպանին:
Չնայած փոփոխության արդյունքում հարկի նվազեցմանը` առեւտրականները բողոքում են, որ գույքի փաստաթղթավորման պահանջը իրատեսական չէ այսօրվա շուկայի պայմաններում, քանի որ կարող է հանգեցնել կամ ապրանքների գնաճի, կամ բազմաթիվ փոքր ձեռնարկատերերի սնանկացման: Միաժամանակ տարբեր ոլորտների առեւտրականները հայտնում են, որ հարկի կիրառումը միատեսակ չի ազդի տարբեր ապրանքների շուկաների աշխատողների վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, օրինակ` ոսկերչություն, հագուստ, շինանյութ, կենցաղային իրեր եւ այլն: Ուստի, անհրաժեշտ է մշակել բոլորի համար փոխզիջումային հարկման տարբերակ:
Պաշտպանի տեղակալը հայտնել է, որ խնդիրն Օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է, եւ ստիպված ենք միայն հիմա զբաղվել այս հարցով, քանի որ նախագիծը նախապես չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի` ի խախտումն Նախագահի 2007թ. թիվ 174-Ն հրամանագրի, համաձայն որի` «Մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի»:
Տաթեւիկ Խաչատրյանն առեւտրականներին հայտնել է. «Այժմ Պաշտպանի հանձնարարությամբ հրատապ քայլեր են ձեռնարկվում բոլոր կողմերի փոխըմբռնման միջոցով խնդրին լուծումներ գտնելու նպատակով: Այս ուղղությամբ կշարունակենք աշխատանքը ձեզ հետ, իսկ առաջիկա օրերին կներկայացնենք մեր դիրքորոշումը եւ առաջարկները»:




























