Հայ ժողովուրդը դավանափոխ ազգ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Մենք մի քանի անգամ դավանափոխ ազգ ենք եղել՝ սկսած Հայկից, որի ժամանակ մենք հեթանոս էինք, Տիգրան Մեծի ժամանակ մենք զրահադաշտ էինք, իսկ խորհրդային տարիներին մեր ազգը աթեիստ էր դարձել», - ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով, Հայաստանում աղանդավորական կառույցները ֆինանսավորվում են քաղաքական կառույցների կողմից, իսկ եկեղեցին գրեթե ազդեցություն չի կարող ունենալ դրանց վրա:
«Եկեղեցին աղանդավորների վրա առհասարակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այդ աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորվում են քաղաքական գործիչների կողմից»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ նրանցից շատերը Իսպանիայում եւ եվրոպական այլ երկրներում ունեն առանձնատներ, որոնք կարողացել են գնել հենց աղանդավորական կազմակերպությունների միջոցով:
Սոցիոլոգի խոսքով, աղանդավորական կազմակերպությունների թվի մեծանալը կապված է ՀՀ Սահմանադրության հետ։
«Եթե կան մտքի, կրոնի եւ տեղեկատվության ազատության մասին օրենքներ, որոնք ազատորեն թույլ են տալիս անկախ պետական սահմաններից տեղեկատվություն ստանալ, բնականաբար աղանդները եւ կրոնական կազմակերպությունները Հայաստան կարող են ազատ մտնել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ այդ իրավունքները սահմանափակվում են միայն այն դեպքում, երբ վնասում են հասարակական անվտանգությանը, առողջությանը, հասարակության բարոյականությանը, իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանը:




























