Twitter-ի, Facebook-ի եւ Google-ի հնարավոր անջատման շուրջ խուճապը թափ է հավաքում, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան» եւ միաժամանակ հարց տալիս՝ արժե՞ անհանգստանալ դրա համար:

«Gmail, Twitter եւ Facebook ծառայություններն առաջիկայում կպարտավորվեն գրանցվել Ռուսաստանում, հակառակ պարագայում  ստիպված կլինենք օրինական միջոցառումներ ձեռնարկել՝ անջատել նշված ծառայությունները երկրի տարածքում», - «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովի խոսքերն է փոխանցում թերթը:

«Նման բան իրոք հնարավոր է», - «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է գերատեսչության աղբյուրը: Սակայն ծառայությունները գրանցելու խնդրանքում արտասովոր ոչինչ չկա: Նման գրանցում արդեն անցել են ռուսական ծառայությունները՝ «Վկոնտակտե»-ն, «Յանդեքս»-ը, Mail.ru Group-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» մեկ այլ զրուցակից, ով Ռուսաստանում սոցցանցերից մեկի տեխնիկական սպասարկման մասնագետ է, կարծում է, որ արեւմտյան ծառայությունների տերերը կարող են չհասցնել իրենց տվյալները տեղափոխել ռուսական ծառայություններ, ինչը կարող է դառնալ ցանցից նրանց անջատման պատճառ: Բայց, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ցանկանա զրկվել ռուսական լսարանից եւ կկատարեն պայմանները: Այնպես որ, պետք չէ խուճապի մատնվել: