Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ Աբովյանում եռյակի իրազեկման հանրահավաքին ունեցած ելույթը, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը վիրավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանը:
«Սա աղբանոց չէ, դա քննադատություն չէ, վիրավորանք է, դա հայ տղամարդուն վայել բան չէ հայհոյանքներով խոսելը: Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի քաղաքական «պապա»-ն, հովանավորն ու նրանց հետեւորդները»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ինքը հայհոյանքներով խոսելու երեւույթին է դեմ, ոչ թե մարդկանց. «Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի նորմալ, քաղաքակիրթ երկրում եւ չեմ ուզենա, որ մի մարդ, որ ապրում է կրկնակի ստանդարտով ու իրեն ուզում է ցույց տալ քաղաքական կույս, որը քաղաքական կուսությունից բազմաթիվ անգամներ զրկվել է, այսօր կանգնում, հրապարակներում հայհոյում է»:
Ինչ վերաբերվում է եռյակին, ապա Շարմազանովի համար անհասկանալի է, որ ոչ իշխանական ուժերը քննադատում են մի երեւույթ, տալիս են անուններ, սակայն ամենակարեւոր անունը չի տալիս, դա անհասկանալի է:
«Դա նշանակում է, որ պարոնիկներ, դուք արդար չեք ժողովրդի հետ: Եթե դու 2008թ. 2010թ. հստակ անուններ էիր տալիս, երեւույթ էիր քննադատում, իսկ հիմա երեւույթը քննադատում ես, մի քանի անուն հանել, ջոկել ես ու հիմա ասում ես` սրանք լավն են, սա անկեղծ չէ, խնդիրը սա է»,- ավելացրեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նշենք, որ Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ սեպտեմբերի 25-ին Արամ Մանուկյանը վիրավորական արտահայտություններ է արել Սերժ Սարգսյանի եւ նրա եղբոր հասցեին:




























