Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի դիմած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում ոստիկանը բացահայտել է, թե ինչու չի կարող քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը առերեսվել է մի շարք ոստիկանների հետ, սակայն դեռ այդ փուլը չի ավարտվել: Հայկ Կյուրեղյանը ճանաչել է ոստիկաններից մեկին, մնացածներին չի հիշում, սակայն մեքենայում գտնված բոլոր ոստիկանները, բացի վարորդը, նրան հարվածել են:
«Նրանք բնականաբար ժխտում են, որ մատով դիպել են Հայկ Կյուրեղյանին, ասում են՝ նման բան չի եղել, ընդ որում՝ ավելացնում են, թե նման բան ընդհանրապես չէր էլ կարող լինել: Ասեմ ավելին՝ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել եւ ասել, թե ինչու չի կարող ոստիկանը քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառել, քանի որ ոստիկանը քաղաքացու բարեկամն է, այս ցուցմունքը տվյալ գործին առնչվող տեղեկություն չի պարունակում, դրա համար կարող եմ հրապարակել»,-ասաց փաստաբանը:
Քննության հետ նրանք առանձնակի հույսեր չեն կապում եւ վստահ են, որ այս գործը արժանանալու է նմանատիպ շատ ու շատ այլ գործերի ճակատագրին, մասնավորապես՝ հարցաքննելուն են Հայկ Կյուրեղյանին, հնարավոր ենթադրյալ կասկածյալ ոստիկաններին, կատարվելու են մի քանի առերեսումներ եւ կարճելու են, քանի որ իբր չկարողացան ապացուցել այդ բռնությունը: «Այսինքն բոլոր նմանատիպ գործերով ինչպիսի գործելաոճ որդեգրել է Հատուկ քննչական ծառայությունը, կպահպանվի նաեւ այս գործում»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:
Այս դեպքի հետ կապված կա մեկ այլ քրեական գործ եւս: Հայկ Կյուրեղյանին բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայում, ապա՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքում, նրան ծեծի են ենթարկել: Հատուկ Քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, նա ճանաչվել էտուժող:




























