Հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման միայն այն դեպքում, երբ վարչական ակտը առձեռն հանձնվել է վարչական ակտի հասցեատիրոջը: Այս մասին նշվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթով, որը կառավարության նախորդ նիստում ներկայացրել է արդարդատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հանրային իրավական դրամական պահանջի հայցով հայցվորը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձել ուժի մեջ մտած վարչական ակտով նախատեսված գումարը: Ընդ որում, հայց ներկայացնելիս պետք է ապացույցներ ներկայացվեն վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ անբողոքարկելի դառնալու, ինչպես նաեւ գումարն արտադատական կարգով բռնագանձելու անհնարինության մասին:
Հովհաննես Մանուկյանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լուծվել է նաեւ վարչական ակտի մասին ծանուցման խնդիրը, որի համաձայն՝
• հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման միայն այն դեպքում, երբ վարչական ակտը առձեռն հանձնվել է վարչական ակտի հասցեատիրոջը,
• ինչպես նաեւ նախագծով սահմանված պատշաճ ծանուցման այլ ձեւերով, եթե հասցեատերն է խնդրել դրանք օգտագործել:
• սահմանվել է նաեւ վարչական մարմնի պարտականությունը դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս կցել ոչ միայն վարչական ակտը, այլեւ այն հասցեատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույցը: Ընդ որում, եթե հարկադիր կատարողը կատարողական վարույթի ընթացքում պարզում է, որ առկա չէ վարչական ակտը ստանալը հավաստող ապացույց, փաստաթղթերը վերադարձնում է վարչական մարմնին:
Արդարադատության նախարարն ընդգծել է, որ նախագծով մեծ տեղ է հատկացված ծանուցման եւ անձի լսված լինելու իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին՝ բացառելով կատարողական գործողությունների իրականացումը` առանց այդ իրավունքների պահպանության: Մասնավորապես` նախագծով կարգավորվել է նաեւ վարչական մարմնի կողմից արգելանքի մասին որոշում կայացնելու եւ այն հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու ընթացակարգը եւ պայմանները:




























