«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տեսախցիկները արձանագրել են չկատարված խախտում եւ վարորդին անտեղի տուգանել։ Այս մասին NEWS.am-ին ասաց խմբագրություն դիմած մի քաղաքացի, որը խնդրեց չհրապարակել իր անունը եւ ներկայացրեց «խախտման» տեսագրությունը։

«Սախարովի հրապարակի մոտ կայանատեղիում կայանել էի մեքենան, այդ հատվածում կարմիր գծեր չկան, բայց կամերան խախտում ա ֆիքսել ու տուգանք ա եկել՝ 5000 դրամ»,- պատմեց վարորդը՝ ցույց տալով տեսանյութը որտեղ երեւում է, որ իր մեքենան կայանած է կայանելու համար թույլատրված վայրում։

Վարորդը պատրաստվում է բողոքարկել ակտը: Նրա խոսքով՝ նախկինում ինքը վճարել է սխալ եկած տուգանքների համար, որովհետեւ չի ցանկացել աշխատանքից կտրվել ու դատական քաշքշուկների մեջ ընկնել:

«Նման ակտեր ինձ շատ են եկել, ակտեր էին գալիս, թե անցումի դեղին գծի վրա եմ կայանել մեքենան, բայց դեղին գծերը նոր են գծել այնտեղ, իմ կայանած ժամանակ չի եղել, բայց ես դա վճարել եմ: Իրանք հա նկարում են, սենց անիմաստ բաներն են անում, որ իրանց տուգանքների քանակը ապահովեն: Իրանք տուգանքը ուղարկում են, մտածելով՝ կբողոքարկի, հեչ կանենք, չի բողոքարկի, թող խելոք-խելոք առանց իմանալու գնա մուծի», ասաց վարորդը՝ նշելով, որ այս անգամ մինչեւ վերջ գնալու է, մինչեւ ակտը չեղյալ համարվի։