«Շրջանառության հարկի մասին» օրենքն ընդունվել է փոքր եւ միջին բիզնեսի համար լավ ու արտոնյալ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» համահիմնադիր Գարեգին Նուշիկյանը, ով եւս մանակցություն է ունեցել այդ օրենքի հետ կապված:

Անդրադառնալով այդ օրենքին եւ առեւտրականների դժգոհություններին՝ պատգամավորն ասաց, որ համեմատելով հին ու նոր օրենքները՝ շրջանառության հարկը նվազեցվում է 3,5 տոկոսից 1 տոկոսի, ավելանում է պարտադիր պայմանը եւ փաստաթղթաբանությունը: Իսկ թե ինչու են առեւտրականները բողոքում այս «լավ օրենքից», Գարեգին Նուշիկյանը կարծիք հայտնեց, որ փոքր շրջանառությամբ հարկվող կազմակերպությունները գերազանցում են 58մլն-ի շրջանառությունը եւ մտնում են ավելացված արժեքի հարկի տակ, հետեւաբար՝ ստիպված են լինելու լրացուցիչ աշխատողներ պահել, որպեսզի հաշվապահությունը կարողանան իրականցնել: «Ես ձեզ հավատացնում եմ, որ այս օրենքը ընդունվել է, որպեսզի օգուտ լինի փոքր եւ միջին բիզնեսին, արտոնյալ պայմաններ տան նրանց: Ես ուզում եմ հասկանալ՝ որն է այստեղ խոշոր բիզնեսի օգուտը: Եթե նախկինում խոշոր բիզնեսը փաստաթուղթ չէր տալիս եւ ապրանքը վաճառում էր մի գումարով, ներկայացնում մեկ այլով, ապա այժմ պարտադրված է փաստաթուղթը տրամադրել, դրա օգուտը ո՞րն է, ես խոշորի օգուտը այդտեղ չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը:

Նոր օրենքը Գարեգին Նուշիկյանի բիզնեսների վրա որեւէ կերպ չի ազդելու, ոչ օգուտ է, ոչ էլ վնաս, քանի որ նրանք տոնավաճառներում ապրանք չեն վաճառում եւ ոչ էլ տալիս են, որ վաճառեն, իրենց ապրանքը վաճառում են մասնագիտացված խանութներում, որոնք ավելացված արժեքի հարկով հարկվող սուբյեկտներ են: