Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ, գործարար Իգոր Կոլոմոյսկին մտադիր է Հաագայի դատարան հայցեր ներկայացնել Ռուսաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր գույքի արժեքը, որը Ռուսաստանի կողմից կալանքի տակ է դրվել: Այս մասին տեղեկանում ենք Դնեպրոպետրովսկի մարզի աշխատակազմի կայքից:

Տեղեկատվության համաձայն՝ արդեն մեկ հայց է նախապատրաստվել Սեւաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանի վերաբերյալ: Կոլոմոյսկին պարզաբանել է, որ Ղրիմում իր գույքի կալանքից հետո ինքը դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: «Վեց ամսվա ընթացքում նա պետք է պատասխաներ, պատրա՞ստ է, արդյոք, կամավոր փոխհատուցել իմ վնասները: Դրանից հետո հայցը ներկայացվում է կոմերցիոն հարցերի Հաագայի դատարան»,- ասել է նահանգապետը:

Ընդհանուր առմամբ, Կոլոմոյսկին հույս ունի Ռուսաստանից 2 մլրդ դոլար ստանալ: Դատական հայցերի հաջողության հեռանկարի շուրջ հարցին ի պատասխան՝ նահանգապետը հայտարարել է. «Դե՝ չեն վերադարձնի, ուրեմն չեն վերադարձնի: Ինձ համար միեւնույն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հետաքննության միջնորդությամբ Կոլոմոսյկիի գույքի վրա կալանք էր սահմանվել: Սեպտեմբերի 1-ին Ղրիմի դատախազության որոշմամբ դատական կարգադրիչները կալանք էին սահմանել նաեւ Կոլոմոյսկիին պատկանող «Պրիվատբանկ»-ի գույքի եւ Ֆորոս բնակավայրում գտնվող «Տավրիա» առողջարանային համալիրի գույքի նկատմամբ:

Ռուսաստանը Կոլոմոյսկիին մեղադրում է պատերազմի անցկացման արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելու համար: