Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ընդունված եւ ընդունվելիք հակահայկական բանաձեւերի եւ ձեւակերպումներին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ քայլերի հետեւանքով էլ ավելի խորանում է Հայաստանի մեկուսացումը եւ ընդունվում են մեր երկրի շահերին վնասող փաստաթղթեր:
Կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանձնաժողովին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հակահայկական նոր բանաձեւի ընդունումը կանխելուն ուղղված քայլերի մասին: Որպես առաջին քայլ նա, մասնավորապես, շրջաբերականով դիմել է ALDE պատգամավորներին, խնդրելով քվեարկել բանաձեւի ընդունման դեմ:
Տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների, Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:




























