Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացած ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ») հերթական իրազեկման հանրահավաքն ավարտվել է հրմշտոցով:
«Երկրում սկսվել են գործընթացներ, որոնք շուտափույթ չկանխելու դեպքում այնքան անշրջելի եւ անդառնալի կդառնան, որ մեր երկիրը, մեր ժողովուրդն արդեն կանգնած կլինի անդունդի եզրին, մենք դա թույլ տալու շռայլություն չունենք»,- Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացած ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ») հանարահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը։
Նա պարզաբանեց, թե ինչով են պայմանավորված եւ ինչու են կարեւոր իրազեկման հանրահավաքները երկրով մեկ: «Առջեւում ընտրություններ չկան, բայց հնարավոր է պարտադրել ընտրություններ, այսօր մեր առջեւ կա հրամայական՝ կասեցնել մեր երկրի սոցիալ-քաղաքական, տնտեսական եւ անգամ սահմանադրական խնդիրները։ Ընդդիմության ներկայացրած 12 կետանոց պահանջների ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, եւ մենք արդեն գիտենք, որ նույնիսկ ամենակենսական ու ամենահրատապ խնդիրների հանդեպ կառավարությունն անտարբերություն է ցուցաբերել»,- նշեց բանախոսը։
Օսկանյանը նաեւ շեշտեց, որ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն իսկական «ավանտյուրա» են։ «Սահմանադրությունը չէ մեր այսօրվա իրավիճակի պատճառը, այլ այն կիրառող իշխանությունները, ովքեր այն խեղում են, օգտագործում այնպես, ինչպես իրենց շահերից է բխում»,- հայտարարեց պատգամավորը։



























