Ազատամարտիկների դաշինքի համագումարի փոխարեն լինելու է մամուլի ասուլիս: Այս մասին NEWS.am-ին ասաց միության անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

«Մինչեւ հոկտեմբերի 10-ը կկազմակերպենք ասուլիս, որին ներկա կլինեն հիմնադիր անդամները, բոլոր կռված տղաներով կհավաքվենք ու համատեղ հայտարարություններ կանենք, կներկայացնենք մեր ծրագրերը, կխոսենք հետագա գործողությունների մասին»,- ասաց ազատամարտիկը:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ասուլիսի վայրը դեռ հայտնի չէ: Հարցին, թե հնարավոր է «Երդվյալ ազատամարտիկների միության» նման հավաքն անցկացվի ռեստորանում, ազատամարտիկը պատասխանեց. «Հո քեֆ չենք անում, որ ռեստորանում հավաքվենք:  Ծայրահեղ դեպքում կհավաքվենք Եռաբլուրում, ի՞նչ վատ տեղ է որ»:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իր կառույցի 3-րդ արտահերթ համագումարը անցկացրել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում:

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն այսօր ունեն առանձին կառույցներ, չնայած ապրիլին ցանկանում էին միասին ստեղծել «Նվիրյալների միություն» ՀԿ, սակայն այն փակվեց ստեղծվելուց մեկ ամիս անց: Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ձախողման հետ, Ռուստամ Գասպարյանն ասում է, որ այն փորձեցին քաղաքականացնել, կապել ԲՀԿ առաջնորդի անվան հետ, այդ պատճառով էլ այն փակվեց: Այս պահին Ռուբեն Գեւորգյանն ունի «Երդվյալ ազատամարտիկների» միություն, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ Ազատամարտիկների դաշինք: