Ժողովրդի մեջ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում ժողովրդի վրա թքել էր նշանակում: Այս մասին սեպտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ներկայացուցիչ, գրող, հրապարակախոս եւ կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:
Ըստ նրա` Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ցանկացած որոշում կայացնում է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու:
«Կլինի դա Եվրասիական միությանն անդամակցելու կամ մարզպետի պաշտոնում նշանակելու հարց, քաղաքացիների կարծիքը բացահայտ արհամարհվում է: Եվ ինչպե՞ս կարելի է վստահել այս իշխանությանը: Այն իշխանությանը, որն այդ պաշտոնում նշանակում է մարդու, ով, համաձայն մամուլի հրապարակումների, մի շարք հանցագործություններ է կատարել», - հարցրել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին կառավարության որոշմամբ վերանշանակվել է Սյունիքի մարզպետ: Մեկ տարի առաջ Խաչատրյանը զրկվել էր մարզպետի աթոռից` կրակոցների եւ սպանության հետ կապված աղմկահարույց միջադեպի պատճառով:




























