Բելառուսի պետանվտանգության կոմիտեն կանխել է  հանցախմբի՝ անհայտ հեղինակների գործերը Կլոդ Մոնեի, Վինսենթ Վան Գոգի, Էդվարդ Մունկի, Կոնստանտին Յուոնի եւ Վասիլի Կանդինսկու  աշխատանքների անվան տակ վաճառելու փորձը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Նշված անձինք հինգ նկարի համար ուզում էին ստանալ 2 միլիոն եվրո»,- հայտնել է ՊԱԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Ստրեխը: «Ներկայումս կատարվում են առգրավված նկարների արվեստաբանական եւ այլ փորձաքննություններ, որոնց ընթացքում  կպարզվի կտավների իրական արժեքը: Նախնական տվյալներն ստանալուց հետո մասնագետները ենթադրում են, որ նկարները որոշակի արժեք ունեն, սակայն դրանց արժեքը զգալիորեն ցածր է կասկածյալների պահանջած գնից», - նշել է նա:

 «Նշված անձանց գործողությունների իրավական գնահատականը կտրվի քրեական գործի քննության արդյունքներին համապատասխան», - ասել է ՊԱԿ-ի մամուլի ծառայության ղեկավարը:

Հանցախմբի բնակության վայրում անցկացված  խուզարկության հետեւանքով հայտնաբերվել եւ բռնագրավվել են ավելի քան 100 հնագույն սրբապատկեր եւ կտավ: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահի տանը պահվում էին Այվազովսկու, Պիկասոյի եւ Շիշկինի կտավները, որոնցից ամենաթանկը գնահատվում է 6 միլիոն դոլար: