Խորհրդարանում մենք մի ընտանիքի պես ենք, բայց երբեմն լինում է, որ այս կամ այն օրինագծի քննարկումների ժամանակ պատգամավորները իրենց պահում են Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի պերսոնաժների նման: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ:

«Հնարավոր է, որ բանավեճերի ժամանակ պատգամավորները միմյանց բառեր են հասցեագրում, սակայն դա լրիվ նորմալ է»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ նման պայմաններում օրինաչափ է, որ նիստը վարողն իրավունք ունի անջատել խոսափողը:

Օրինագծի հեղինակները «Ժառանգության» պատգամավորներն են, իսկ օրինագիծը ներկայացրել է այդ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Օրինագծի համաձայն՝ բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկելը քրեորեն պատժելի է դառնում:

Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորները հիշեցրել են Զարուհի Փոստանջյանին մի միջադեպ, երբ գազային պայմանագրի քվեարկության ժամանակ նա հավաքել էր քարտերը՝ պատգամավորներին զրկելով քեվարկելու հնարավորությունից:

«Այդ օրը Հովիկ Աբրահամյանը զանգահարել էր իրավաբաններին, որպեսզի տեղեկանար, թե ինչ իրավական պատժամիջոցներ կարելի է կիրառել իմ նկատմամբ: Եթե դա քրեորեն պատժելի լիներ, դուք անգամ բռնությամբ իմ ձեռքից կվերցնեիք քարտերը: Եթե դրանում հանցակազմ լիներ, ապա նա ընթացք կտար այդ գործին»,- պատասխանել է Փոստանջյանը: