Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նրա հետ քննարկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ապագա ծրագրերի, խորհրդարանական ձեւաչափով հարաբերությունների զարգացման հարցերը:
Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆրանսիայի օրենսդիրների պարբերական այցերն Արցախ, որով հնարավորություն է ստեղծվում ԼՂՀ վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացումն միջազգային խորհրդարանական հարթակներում:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը եւ դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչներն Եվրոպայում:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:




























