Սուրիկ Խաչատրյանի նշանակման կապակցությամբ տարբեր կարծիքներ կան, ես ինքս այդ հարցի շուրջ հարցումներ չեմ անցկացրել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումը՝ հաշվի առնելով, որ հասարակությունը դեմ է այդ նշանակմանը: «Կան տարբեր կարծիքներ, ինչպես դրական, այնպես էլ բացասակայն, կան նաեւ չեզոք կարծիքներ», - ասաց ԱԺ նախագահը: Ի պատասխան նկատառմանը, որ Սուրիկ Խաչատրյանը կասկածվում է սպանության մեջ` Սակակյանը նշեց. «Դատաիրավական համակարգը կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանը մեղավոր չէ: Ես նրան գիտեմ 90-ական թթ.-ից եւ այդ ժամանակ նա իր մասին նման բացասական կարծիք ձեւավորելու առիթ չի տվել»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ մինչեւ նախաքննությունը ժամանակավորապես դադարեցնում է իր իրավասությունները, թեեւ նման գործողությունները նախատեսված չեն երկրի օրենսդրությամբ: Անցած չորեքշաբթի Խաչատրյանըկրկին ստանձնեց Սյունիքի մարզպետի պարտավորությունները:




























