Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորից հաճախ է անջատում խոսափողը: Այս մասին սեպտեմբերի 29-ին խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով պատգամավորական էթիկայի մասին օրինագիծը:

Նա նաեւ հավելեց, որ խոսքից զրկելը նիստը վարողի իրավասությունն է. խորհրդարանի խոսնակի կամ նրա տեղակալների: Սակայն հաճախ նրանք չարաշահում են իրենց իրավունքը:

«Այդ պատճառով Ձեզ համար էլ պետք է օրենք մշակել, պարոն Շարմազանով»,- հավելեց պատգամավորը՝ դիմելով փոխխոսնակին եւ նրան խոսափողն անջատելու ռեկորդակիր անվանելով:

Իր հերթին Շարմազանովը նկատեց, որ խախտումներն արձանագրվում են բացարձակապես «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքին համապատասխան: