Վարդենիսում ոստիկանություն է ներկայացել դաժան ծեծկռտուքի մասնակիցներից եւս մեկը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Ս.-ն:
Նույն օրը, ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ Հրավարդ Ս.-ն «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ վնասվածքները ստացել է ծեծի հետեւանքով:
Հրավարդ Ս.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւան` նեղ մասնագիտական բուժօգնության:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Մարտին Հ.-ն, 1987 թ. ծնված Զոհրաբ Կ.-ն եւ 1987 թ. ծնված Հրանտ Շ.-ն ծեծի են ենթարկել Հրավարդ Ս.-ին եւ պատճառել վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի եւ Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին եւ հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրանտ Շ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին, ժամը 18.20-ին, Մարտին Հ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին եւ հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Զոհրաբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:




























