Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը եւ ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետեւողականորեն շարունակելու է:

Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որեւէ խոչընդոտի:

Անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման միտումներին՝ Մարկ Հորթոնն առանձնացրել է հատկապես ավիացիայի եւ գյուղատնտեսության բնագավառներում արձանագրվող հաջողությունները, որոնք կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունք են: Միաժամանակ, պարոն Հորթոնն ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը, հարկային ու մաքսային վարչարարությանը եւ երկկողմ փոխգործակցությանն առնչվող այլ հարցերի: