Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով:
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին.
«Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին եւ այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական եւ բարեկամական հարաբերություններին, եւ մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:
Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարեւորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձեւավորումն է, ինչը մեր երկրների եւ ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական եւ գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Այսօրվա գործարար համաժողովը շատ կարեւոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորութուններ եւ նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:
Հայաստանը հռչակել է եւ հետեւողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային եւ գործարար միջավայրի հավասար, կայուն եւ կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաեւ պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ եւ ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ եւ դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների եւ անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչեւ երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», եւ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով: Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաեւ ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով եւ կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին եւ տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաեւ շահութահարկից :
Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաեւ օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաեւ մեր երկրում որակյալ եւ կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:
Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաեւ ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի եւ հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու եւ նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, եւ մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:
Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:
Թեեւ գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդյայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատմեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հունաստանի գյուղական զարգացման եւ պարենի նախարարության միջեւ ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Զարգացման եւ փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ: Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետեւ փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ եւ այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ: Հայաստանը հռչակել է «բաց երկնքի» քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան եւ Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջեւ կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:
Համագործակցության լավ ներուժ կա նաեւ էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի եւ տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, եւ կան լավ այլընտրանքային աղբյուրներ:
Վստահ ենք, որ զարգացման կարեւորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում եւս կարող ենք համագործակցել, եւ մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլեւ գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելիուսանողների առջեւ։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաեւ առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում եւ առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:
Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարեւորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական եւ գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն եւ արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ եւ հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետեւ առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների եւ նրանց բիզնեսի կայացման, անհար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է եւ, միգուցե, ամենակարեւոր քաղաքականությունը»:



























