Գյումրիի կենտրոնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող առեւտրականներն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մոտ 3 ժամ քաղաքի կենտրոնական փողոցները փակ պահելուց եւ երթեւեկությունը կաթվածահար անելուց հետո որոշեցին բացել ճանապարհները՝ պայմանավորվելով, որ վաղը առավոտյան ժամը 10։00-ից կրկին կփակեն փողոցները ու չեն հեռանա մինչեւ իրենց հետ անձամբ չհանդիպի եւ չզրուցի Շիրակի մարզի հարկային տեսչության պետ Վախթանգ Սիսակյանը: Բողոքողներին միանալու են նաեւ սննդի օբյեկտների առեւտրականները։
Նշենք, որ Վախթանգ Սիսակյանը այսօր այդպես էլ չեկավ ցուցարարների մոտ՝ նրանց մոտ ուղարկելով իր տեղակալ Աշոտ Ավագյանին: Վերջինը ապարդյուն փորձեց համոզել առեւտրականներին 10 հոգանոց պատվիրակություն կազմել, որը կհանդիպի տեսչության պետի հետ:
«Ո՞նց եմ ես ընտանիքիս պահելու, գրպանիցդ հանի, գումար տուր, տանեմ երեխեքիս պահեմ: Օրումեջ փոփոխություն եք անում, անունը դնում բարեփոխում, բայց իրականում մեր գրպաններն եք մտնում»,-հարկային տեսչության պետի տեղակալին ասաց ցուցարարներից մեկը՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում ենթարկվել նոր օրենքին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոչ մարզպետը, ոչ քաղաքապետը այդպես էլ չմոտեցան բողոքող մանր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող գյումրեցիներին, ճնայած մոտ երեք ժամ կաթվածահար էր ոչ միայն Գյումրի քաղաքի, այլեւ միջհամայնքային եւ հանրային տրանսպորտի աշխատանքը: Այնտեղ էին միայն փոխմարզպետը, փոխքաղաքապետը եւ մեծ թվով ոստիկաններ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։





























