Գյումրիում մանր ու միջին բիզնեսով զբաղվող գրեթե բոլոր առեւտրականները այսօր՝ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, նորից հավաքվել են կենտրոնական շուկայի մոտ, փակել  կենտրոնական փողոցներն ու հայտարարել գործադուլ:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքվել են ավելի քան 500 գյումրեցիներ: Այստեղ են նաեւ մեծ թվով ոստիկաններ:

«Մենք պահանջում ենք մեր պատգամավորներին, որոնց ընտրել ենք ժամանակին: Թող գան, մեր նեղ օրվան մեր կողքին կանգնեն ու տան մեր օրվա հացի կռվի պատասխանը: Ո՞ւր են մեր մարզային իշխանությունները, մենք ոչ մարզպետ ունենք, ոչ էլ քաղաքապետ: Կանգնելու ենք էնքան, մինչեւ շիրակցի պատգամավորներից մեկը մոտենա»,- զայրացած ասում են առեւտրականները:

Նրանց խոսքով՝ միայն պատգամավորների գալուց հետո քայլերթով կշարժվեն մինչեւ Շիրակի մարզպետարան:

Նշենք, որ Շիրակի մարզից մեծամասնականով ընտրված 4 պատգամավոր կա՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյան, ՀՀԿ-ական Արման Սահակյան, Աշոտ Աղաբաբյան եւ Մուշեղ Պետոյան:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։