Խորհրդարանում կկայանա խմբակցությունների հանդիպումը ՀՀ կառավարության անդամների հետ, որի ընթացքում որոշ սկզբունքային մոտեցումներ կհստակեցվեն: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը:

Իր հերթին ՀԱԿ  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ կառավարության ներկայացուցիչները նորից անհամաձայնություն կհայտնեն  քառյակի նախաձեռնությանը: «Մենք ասել ենք, որ դա կարող է քաղաքական լուրջ գործընթացների հանգեցնել. Գյումրիում ցույց է, Երեւանում 16:00-ին ժողովուրդը կհավաքվի ԱԺ-ի շենքի մոտ: Մենք հայտնել ենք, որ մտադիր ենք խորհրդարանի արտահերթ նիստ գումարել: Այսինքն՝ իշխանությունները տեղյակ են մեր հետագա գործողությունների մասին»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական քառյակն առաջարկում է «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծ, ըստ որի՝ առեւտրականները պետք է ընտրության հնարավորություն ունենան. կամ աշխատել հին օրենքով՝ վճարելով  3,5% հարկ եւ հարկային մարմնին տեղեկություն չտրամադրել շրջանառության մասին, կամ էլ  աշխատել նոր օրենքով, վճարել 1% հարկ, սակայն տեղեկություններ տրամադրել հարկային մարմնին: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել   «Շրջանառության հարկի մասին»  նոր օրենքը, ըստ որի՝  տոնավաճառի առեւտրականները համապատասխան մարմիններ պետք է փաստաթղթեր ներկայացնեն առեւտրաշրջանառության վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվեն: Սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ փաստաթղթեր չեն տրամադրում մանր եւ միջին ձեռնարկատերերին: