Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարող՝ մայրաքաղաքի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականներից միայն 3-ին, որպեսզի նրանց միջոցով պատասխան ուղարկի կառավարության շենքի մոտ հավաքվածներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որառեւտրականները գործադիրի նիստից հետո շենքից դուրս եկող նախարարներին դիմավորում են «ամոթ, ամոթ» եւ «կասեցում» վանկարկումներով։ Առեւտրականներն իրենց հետ բերել են նաեւ «Վաղարշ, չվախենաս, Լիսկաներին չեն դատում» եւ «Կերեք փոքր բիզնեսը» գրությամբ պաստառներ:
Այս պահին հավաքված քաղաքացիները սպասում են վարչապետի պատասխանին:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։




























