Կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,7 մլն դոլար) կհատկացնի Գյումրիում 1988թ. երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելու համար:

Այս մասին Գործադիրի հոկտեմբերի  2-ի նիստում հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Ըստ նրա՝ Գյումրիում բնակարանի համար նախկին 3240 հերթագրվածներից մնացել են մոտ 450-ը: Մեծ մասի համար արդեն կառուցվել են բնակարաններ: Մնացած շահառուներին որոշվել է բնակարանի գնման սերտիֆիկատներ հանձնել՝ հաշվի առնելով քաղաքում դրանց բավարար քանակությունը: Սա կլուծի  215 ընտանիքի խնդիր, մնացածներին սերտիֆիկատ կտան 6 ամսից:

Սերտիֆիկատի արժեքը 1քմ-ի համար 109 հազար դրամ է (Տվյալները հիմնված են 2014թ. Գյումրիում բնակարանների կադաստրային արժեքի վրա), դրանք կտրվեն ընտանիքի անդամների նորմատիվի հաշվարկով: «Բայց բնակարանները մարդիկ կարող են գնել իրենց հայեցողությամբ: Միգուցե ոմանք կգերադասեն ավելի փոքր բնակարան գնել, մնացած մասը ծախսել կահավորման վրա: Սա ճկուն մեխանիզմ է, դրա համար գերադասեցինք այն», - նշել է Սարգսյանը:

Ըստ ծրագրի՝ մինչեւ 2015թ. վերջը Գյումրիում  ամբողջությամբ կլուծվի 1988թ. երկրաշարժից տուժածներին բնակարանով  ապահովելու հարցը: Շիրակի եւ Լոռու մարզերի տուժած բնակիչները ստիպված կլինեն եւս մեկ տարի սպասել: