Կաշառք ստանալու պահին ձերբակալված ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սեւան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԱԾ-ից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք ստանալը): NEWS.am-ը Սեւանի ՔԿԱԳ-ից տեղեկացավ, որ նրա փոխարեն նշանակված է պաշտոնակատար: Արդարադարադատության նախարարության կայքում դեռ որեպս Սեւանի ՔԿԱԳ պետ նշված է նրա անունը, քանի որ աշխատանքից ազատման հրամանը տալիս է քաղաքապետարանը եւ այնուհետեւ դա ուղարկում է նախարարություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սեւան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի եւ ձեւակերպումների, տրամադրել ամուսնության կեղծ վկայական, հավելելով, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն, դրանով ստանալ անձնագիր եւ հնարավորություն ունենալ կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Կաշառք ստանալու դեպքով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:




























