ՀՀ ոստիկանությունը կրկին գերազանցում է լիազորությունները՝ քաղաքացիներին բաժիններում զրույցի «հրավիրելով»: Այս մասին հոկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Ըստ նրա` այդ մասին մանրամասն նշված է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2013 թ. զեկույցում:
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օմբուդսմենին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել ոստիկանության գործողություններին հենց այն օրերին, երբ մայրաքաղաքում ցույցեր են տեղի ունենում: «Կցանկանայինք, որպեսզի Դուք հնարավորինս զերծ պահեիք մարդկանց ոստիկանության հետ «պրոֆիլակտիկ» զրույցներից, նրա «չարժե»-ից, «ավելի լավ է չանեք»-ից եւ այդպես շարունակ», - հայտարարել է Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի տոնավաճառների առեւտրականները բողոքի ցույցեր են անցկացնում խորհրդարանի շենքի առաջ` բողոքելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների դեմ: Օրենքի նոր խմբագրությունը կրճատում է հարկը փոքր բիզնեսի համար, սակայն պահանջում ավելի շատ փաստաթղթեր գործարքների վերաբերյալ, իսկ դրանք ստանալն, ըստ առեւտրականների, պարզապես անհնար է, հատկապես` խոշոր բիզնեսից:




























