«Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին դեռ չեն կանչել ոստիկանություն սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասց Վաղարշ Աբրահամյանը:
Նա մտահոգված էլ չէ, որ հնարավոր է այդ միջադեպով գործ հարուցվի եւ իրեն պատասխանատվության ենթարկեն: «Կկանչեն էլի: Դե որ հարուցեն, ի՞նչ պիտի անեն: Ի՞նչ եմ արել խի, ընդամենը իմ սեփական գույքը տեղաշարժել եմ, ո՞ւմ եմ անպատվել»,- նշեց նա: Դիտարկմանը, թե տեղաշարժել եք գույքը, թե ջարդել, ինչպես եւ հայտարարում էիք, սեփականատերը պնդեց, որ տեղաշարժել է՝ պատճառաբանելով, թե վրդոովված է եղել, դրա համար է հայտարարել, որ ջարդել է. «Իմ գույքն է, ի՞նչ ուզեմ կանեմ, ոչ մեկին չի վիրավորվել: Բացարձակ մտահոգված չեմ, որովհետեւ ես ոչինչ չեմ արել, կկանչեն, թող կանչեն, եթե օրենքով հասնի ինձ պատժել, թող պատժեն, ի՞նչ է եղել»,-ասաց նա:
Նա նույնիսկ պատրաստ է ազատազրկման. «Մի քիչ կհանգստանամ համ ձեզանից, համ էլ հասարակությունից, ներվերս կբուժվի»,-ասաց «Ոսկու շուկայի» սեփականատերը: Առաջարկին, թե եթե այդքան հոգնել եք, կարող եք գնալ ոստիկանության մոտակա բաժին եւ խնդրել, որ ձեզ մեկուսացնեն, Վաղարշ Աբրահամյանն ասաց, որ այդքան վտանգավոր չէ հասարակության համար:
Սեփականատերը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե արգելել է բանկերից ոսկի գնելը. «Ցույցերին ով ուզում է, մասնակցում է, ով չի ուզում, չի մասնակցում: Ես դեմ եմ իմ գործունեությունը խաթարելուն, թող մուտքի ,մոտ չկանգնեն եւ մարդկանց չասեն՝ դուռը փակ է, դուռը բաց է, ուրիշները որ նստած են, կարող են աշխատել, ի՞նչ իրավունք ունեն չթողնել ներս մտնել»,-ասաց նա:
Նշենք, որ Վաղարշ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան ջարդուփշուր են արել շուկայի աշխատակիցներից մի քանիսի սեղանները՝ որպես նախազգուշացում այն աշխատակիցներին, ովքեր պատրաստվում են մասնակցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կառավարության մոտ ընթացող՝ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիային։ Այնուհետեւ Վաղարշ Աբրահամյանը հայտարարել էր, թե լավ է արել, որ ջարդել է սեղանները: «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:




























