XXI դարասկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը միջուկային սպառազինությամբ հավասարվել է ԱՄՆ-ին, փոխանցում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպը:
Միջուկային սպառազինության վերաբերյալ տվյալները Կրեմլը ԱՄՆ-ին ներկայացրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (СНВ-3) շրջանակում:
«Ռուսական միջուկային սպառազինություն» նախագծի ղեկավար Պավել Պոդվիգը սպառազինության աճը բացատրել է նրանով, որ ռուսական ռազմածովային նավատորմը վերջին տարիներին ստացել է նոր 955 նախագծի սուզանավեր՝ համալրված «Բուլավա» նոր հրթիռներով՝ մի քանի մարտալիցքերով:
Բացի այդ, ըստ փորձագետի, դադարեցվել է «Տոպոլ-Մ» տեսակի մեկ մարտագլխիկով հրթիռների շահագործումը, որոնց փոխարինել են «Յարս» հրթիռները՝ երեք մարտագլխիկներով:
Պոդվիգը նաեւ նշել է, որ հավասարության հասնելը պետք չի գերագնահատել. СНВ-3 պայմանագրի պայմաններն այնպիսին են, որ ատոմային սուզանավերը վերանորոգման կանգնեցնելու եւ հրթիռները հանելու դեպքում դրանք այլեւս հաշվից դուրս են: Նման դեպքեր պատահել էին ԱՄՆ-ի հետ եւ հանգեցրել հայտարարագրված հրթիռակիրների եւ մարտալիցքերի թվի ժամանակավոր նվազմանը:
ՌԴ ՊՆ-ի նախկին պաշտոնյայի խոսքով՝ կա եւս մեկ գործոն, որի հետ կապված ռուսական մարտալիցքերի թիվը հավասարվել է ամերիկյանին. «Տոպոլ» հրթիռների դուրսգրման տեմպերը նվազել են, սակայն դրանք ի վերջո դուրս կգրվեն, եւ մինչեւ 2018թ. ԱՄՆ-ն կրկին որոշակի առավելության կհասնի: Նշենք, СНВ-3 պայմանագիրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին 2011թ.:




























