«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ առաջարկում է աջակցել «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքի ընդունմանը:
Նամակում ասվում է.
«Մեծարգո՛ պրն Վարչապետ,
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երեւույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երեւույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Զարուհու դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որի նպատակն է պայքարել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեմ:
2010թ-ից ի վեր կոալիցիան ամեն տարի հոկտեմբերի 1-ին իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ նպատակ ունենալով հոկտեմբերի 1-ը դարձնել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
Համաձայն ՀՀ Ոստիկանության տվյալների՝ 2013 թվականին ընտանեկան բռնության են ենթարկվել 580 կանայք, իսկ հասարակական կազմակերպությունների գրանցած տվյալների համաձայն` գրանցվել է կանանց եւ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության 1400 դեպք: 2014 թ. առաջին 9-ը ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով մահացել է 9-ը կին:
Նպատակ ունենալով կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում՝ 2007թ.-ից ի վեր մշակվել եւ քննարկվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը վերանայվել է մեծ թվով միջազգային եւ տեղական փորձագետների կողմից եւ 2009 թ.-ի սեպտեմբերին ներկայացվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: 2010թ.-ի նոյեմբերի 12-ին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման: Շրջանառության եւ քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նախագիծը 2012թ.-ի նոյեմբերի 28-ին ներկայացվել է ՀՀ Վարչապետին` հավանության արժանանալու համար:
Սակայն 2013թ.-ի փետրվարի 11-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է Կառավարության եզրակացությունը, համաձայն որի՝ վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, եւ Կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում:
2013 թ.-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի փորձագիտական խումբը, որտեղ ներգրավված են իրավաբաններ եւ ոլորտում աշխատող փորձագետներ լրամշակել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքը` այն համապատասխանեցնելով ՀՀ Արդարադատության նախարարության նկատառումներին: Ներկայումս լրամշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը պատրաստ է Ազգային ժողովում շրջանառության դրվելու համար:
Այս առիթով մենք կոչ ենք անում Կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել եւ հանձն առնել այն պարտավորությունների իրականացմանը, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում եւ ՀՀ–ի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում:
Կարեւորելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքը` պահանջում ենք ընդունել այն եւ ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ: Ակնկալում ենք նաեւ Ձեր անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» հռչակելու կապակցությամբ»:




























