Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պետք է ավարտվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է:
NEWS.am-ի հետ զրույցում այս գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ քննիչը երեկ իրեն հայտնել է, որ այսօր էլ այն չի ավարտվելու: Թե որն է պատճառը, փաստաբանը չգիտեր: Ի դեպ, մինչեւ այդ գործով նախաքննական մարմինը փաստաբանին հայտնել էր, որ ուրբաթ օրը նախաքննությունը կավարտվի:
«Ամեն դեպքում համոզված եմ, որ մեր մասով խնդիր չկա»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին երկու նոր մեղադրանք է առաջադրվել Ներսեսի եւ եւս 4 անձի վրա կրակած Գոռ Առաքելյանին: http://news.am/arm/news/231848.html
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։




























