Բելգրադը հայ-սերբական հարաբերությունները ամրապնդելու քայլեր կձեռնարկի: Այս մասին հոկտեմբերի 2-ին, Բելգրադում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի նախագահը նշեց, որ սերբ եւ հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, եւ Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Նիկոլիչին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները եւ վստահություն հայտնեց, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երեւան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման եւ խորացման համար։
Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդելու հայ-սերբական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։
Հանդիպմանը կարեւորվեց Երեւանում եւ Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը։
Նախագահ Նիկոլիչը եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին՝ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։



























