«Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը գրավոր դիմել է լրատվամիջոցներին՝ խնդրելով իրենց տրամադրել հրապարակումներ, ձայնագրություններ, տեսաձայնագրություններ կամ այլ նյութեր, որոնք հաստատում են պատգամավոր Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Ալեքսանյանի կապը «Երեւան Սիթի» սուպերմարկետի հետ:
Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն առեւտրային կազմակերպություններում: Չնայած Սահմանադրական նորմի այս պահանջին, շատ պատգամավորներ անուղղակի կերպով զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը թեʹ ՀՀ Սահմանադրության, թեʹ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է: Միամտություն կլիներ ենթադրել, որ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը թույլ է տալիս անուղղակի կերպով (հարազատների, բարեկամների կամ այլ անձանց անվան տակ)` առանց գրանցման զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մինչդեռ սա ՀՀ-ում տարածված իրողություն է, որը չգիտես ինչու անհասկանալի կերպով ընդունվում է շատերի կողմից որպես օրինաչափ երեւույթ: Կարո Եղնուկյանը դատարան դիմելով հայցի հիմքում չի դրել այն հանգամանքը, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Երեւանի թիվ 1 Շուկա»ՍՊԸ-ում զբաղեցնում է տնօրենի կամ այլ գրանցված պաշտոն, այլ Կ. Եղնուկյանը նշում է, որ Ս. Ալեքսանյանը ինչ-որ կերպ կապված է եւ ազդեցություն ունի «Ծածկած Շուկա» պատմամշակութային հուշարձանի տարածքում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի հետ, եւ առանց նրա թույլտվության, համաձայնության կամ կարգադրության, հնարավոր չէր նման բովանդակությամբ պաստառներ փակցնել շինության պատին: Չնայած պատգամավոր Ս. Ալեքսանյանը հերքում է իր առնչությունը (ուղղակի կամ անուղղակի) սուպերմարկետի հետ, կան բազմաթիվ տեսաձայնագրություններ, որոնք հաստատում են այդ փաստը, եւ որոնք կցուցադրվեն 03.10.2014թ. դատական նիստի ընթացքում»:




























