Խորհրդարանական եռյակը քննարկում է հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին կուսակցություների ղեկավարների մասնակցության հարցը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, իշխանություններն արդեն նյարդայնորեն են արձագանքում խորհրդարանական եռյակի մարզային հանրահավաքներին. «Չնայած իշխանությունները հանգիստ են արձագանքում կատարվողին, իրականում պատկերն այլ է: Հրազդանում եւ Սիսիանում հավաքները խափանելու փորձեր արվեցին: Միաժամանակ, ժողովուրդն իր առջեւ իշխանափոխության իրական նպատակ է դրել: Առաջիկա օրերին մենք հանրահավաք կանցկացնենք Արարատում, չնայած Արարատի քաղաքապետը հրաժարվել է ի գիտություն ընդունել ծանուցումը, Իջեւանում, Վանաձորում, Գյումրիում, իսկ հոկտեմբերի 10-ին՝ Երեւանում»:

Հարցին, թե քաղաքական ինչ հիմնական պահանջ է առաջ քաշում խորհրդարանական եռյակը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ օրակարգում երկու հարց է. միասնական գնահատական տալ Կառավարությանը ներկայացրած 12 կետերի հետ կապված, ինչպես նաեւ առաջիկա գործողությունների թվարկումը:

«Մենք դեռեւս չենք հստակեցրել օրակարգը, սակայն այն ձեւավորելիս ի գիտություն ենք ընդունելու ժողովրդի ցանկությունը»,- հայտարարեց ընդդիմությունը: