Խորհրդարանական շաբաթը ցույց տվեց, որ իշխանությունների օրակարգում չկան հարցեր, որոնց լուծումը կհանգեցներ ժողովրդի դրության բարելավմանը, որում այն հայտնվել է նույն այդ իշխանությունների մեղքով: Այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ քառօրյայի ընթացքում ՀՀԿ-ն տապալեց ընդդիմադիրների նախաձեռնած երկու արտահերթ նիստերը. «Իշխանության մառազմն արտահայտվում է նրանում, որ իրենք վստահ են, թե խելացի բաներ են անում, պետքական օրինագծեր են ժողովրդի վզին փաթաթում, սակայն ընդդիմությունը դա չի հասկանում: Նրանք հայտարարում են. «Մենք այնպես ենք անում, որ ժողովրդի համար լավ լինի, իսկ ժողովրդի 80%-ը դա չի հասկանում»:
«Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ այն փոքր եւ միջին բիզնեսի դեմ է ուղղված, դրանով իսկ իդեալական պայմաններ կստեղծվեն խոշոր խաղացողների համար:




























