Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության  հատկանիշներով:

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել