ՀՀ կառավարությունը վերջապես հիշեց սահմանամերձ գյուղերի զարգացման անհրաժեշտության մասին, հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Նա հիշեցրել է, որ դեռեւս 8 տարի առաջ պատգամավորները սահմանամերձ շրջաններին օգնության օրինագիծ էին ներկայացրել: «Այն ժամանակ ինձ առարկում էին, ասելով, թե իբր ընկերությունները կսկսեն գրանցել հեռավոր գյուղերում, բայց կաշխատեն Երեւանում: Դրան ես պատասխանում էի եւ հիմա էլ եմ պատասխանում. Հարկային ծառայությունները տեղյակ են՝ ով որտեղ է արեւածաղիկ վաճառում: Առավել եւս նրանք գիտեն՝ իրավաբանական հասցեում է ընկերությունն աշխատում, թե ոչ: Չի աշխատում, օգնություն չի ստանա: Ամեն ինչ շատ պարզ է», - հայտարարել է Մանասերյանը:

Այժմ կառավարական մեխանիզմի «քառակուսի անիվը», թվում է, շրջվել է հարկ եղած ուղղությամբ. ամեն դեպքում, սահմանամերձ գյուղերում բիզնեսի համար արտոնություններն արդեն աշխատանքային գաղափար են դարձել, հավելել է Մանասերյանը: