Հայաստանում իշխանափոխության պահանջն ուտոպիա է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին, թեեւ այդ ուժերի հետ համատեղ դիրքորոշում կներկայացնեն կառավարության կողմից ներկայացված 12 կետերի վերաբերյալ արձագանքի վերաբերյալ:

«Մենք չենք լինի ամբիոնի մոտ, դա միանշանակ է»,-ընդգծել է Աղվան վարդանյանը՝ շարունակելով, որ իրենք պայմանավորվել են, որ ոչ իշխանական քառյակում ընդգրկված յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տեսակետը կներկայացնի այդ 12 կետերի վերաբերյալ:

Հարցին, թե ով է ներկայացնելու ՀՅԴ տեսակետը, եթե հանրահավաքում եռյակը իշխանափոխության հարց բարձրացնի, Վարդանյանը պատասխանել է. «Որեւէ տեղում որեւէ մեկը Դաշնակցությանը չի ներկայացում, ներկայացվելու է այնտեղ, որտեղ Դաշնակցությունը քննարկել եւ մասնակցություն է ունեցել: Իհարկե ձեր ասածը ուտոպիայի ժանրից է. ՀՅԴ-ն ներկայացնում է ինքն իրեն: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, դա ուտոպիայի ժանրից է»: