Հայաստանի փոքր բիզնեսին եղածից ավելի մեծ ազատություն է պետք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը շրջանառության հարկի հետ կապված:
«Ես կողմ եմ, որպեսզի հարկային դրույքաչափը 3,5%-ից նվազի 1%-ի, ինչպես հիմա, եւ կողմ եմ շրջանառության հարկման տարեկան շեմը ներկայիս 58,3 մլն դրամից ավելացնելու առաջարկին: Ամեն դեպքում, բիզնեսը վաղ թե ուշ կսկսի գործել թափանցիկ դաշտում, ուստի գործարքներ ձեւակերպելու մշակույթը պետք է արմատախիլ արվի: Սա անխուսափելի է», - հավելել է Մանասերյանը:
Ըստ նրա՝ նույն Եվրամիությունը, որի հետ Հայաստանը ցանկանում էր ինտեգրվել, ամենայն խստությամբ է վերաբերվում բիզնեսին: «Ֆրանսիան կամ Գերմանիան այդքան հանդուրժող չէին լինի գործարքների ձեւակերպման այն կարգերին, որոնք գործում էին եւ մասամբ հիմա էլ գործում են մեզանում: Ցանկացած տնտեսական տարածքում՝ եվրոպական կամ որեւէ այլ, վաղ թե ուշ ծագում է գործարքների փաստաթղթավորման հարցը»,- նշել է տնտեսագետը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն հարկային դրույքաչափը 3,5%-ից նվազել է 1%-ի: Միաժամանակ խստացվել է փաստաթղթերի ներկայացման պահանջը: Օրենքը մեծ բողոք է առաջ բերել մանր առեւտրականների շրջանում: Ըստ նրանց՝ խոշոր բիզնեսից հաշիվ-ապրանքագրեր պահանջելն իրատեսական չէ:




























