2014 թվականի նոյեմբերին Լոնդոնում միջազգային համաժողով կանցկացվի՝ Աֆղանստանին ֆինանսա-տնտեսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Համաժողովի համանախագահները լինելու են բրիտանական կաբինետի ղեկավարն ու աֆղանական առաջնորդը: «Մեծ Բրիտանիան ձգտում է նպաստել ոչ միայն Աֆղանստանում անվտանգության, այլեւ երկրի տնտեսական պոտենցյալի ամրապնդմանը: Քաբուլի խոշորագույն միջազգային դոնորներից Միացյալ Թագավորությունը մինչեւ 2017 թվականն ամեն տարի աֆղանական կառավարությանը 170 մլն ֆունտ սթեռլինգ է տրամադրելու (274.5 մլն դոլար)՝ կրթության, առողջապահության, վարչական կառույցների զարգացման համար»,- ասել է Քեմերոնը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հոկտեմբերի 3-ին անսպասելի այց է կատարել Աֆղանստան՝ երկրի նոր կառավարության հետ հանդիպելու նպատակով: