Էջմիածնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքողներ չկան. էջմիածինցիներին առավել հուզում է երկրի անկախությունը: Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

«Էջմիածինցիներն ավելի կառուցողական են մոտենում հարցին, մերոնք լավ են հասկանում անկախության գինը եւ նրանց համար առաջնայինը հենց անկախությունն է: Իհարկե, դժգոհություններ կան, սակայն մերոնք ըմբռնումով են մոտենում առկա խնդիրներին՝ գազի, էլեկտրաէներգիայի թանկացում, արտագաղթ, աշխատատեղերի բացակայություն: Մենք համոզված ենք, որ մեզ լավ օրեր են սպասվում»,- ասաց Գեներալ Մամվելի որդին:

Նշենք, որ արդեն մի քանի օր Հայաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ ընդդեմ այս օրենքի:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։